Posted in Հացթխիկի ծես

Կախարդական և ծիսական լավաշը

Կա մի շատ հետաքրքիր մուլտֆիլմ Կախարդական լավաշը,որը նաև իմ մանկությունից է գալիս:Պատմվածքը լավաշի մասին,որը և՛ կախարդական է, և՛ ծիսական:Այնպես ստացվեց,որ Հացթխիկի ծեսին ընդառաջ դիտեցինք Մուլտֆիլմը: Սյուժեն պարզ է:Նաղաշը մեծանում է առանց հայրիկի. հայրը զոհվել է պատերազմում:Մայրը լավաշ էր թխում սրա-նրա տանը, և ամեն անգամ թխելիս նրան էլ մի լավաշ էին տալիս, և այդպես էլ ապրում էին:Երբ Նաղաշը նորածին էր, մայրը նրան լավաշի մեջ է փաթաթում բարուրի փոխարեն: Սա խորհրդանշական է. Նաղաշը հացի մեջ է, հացով է մեծացել: Նաղաշը ճամփորդում է աշխարհով մեկ, փնտրում է իր բախտը և չի կարողանում գտնել: Բայց բախտավոր լինելու համար պետք է ապրես քո երկրում, քո երկրի համար ստեղծագործես, հաց թխես, և այդ հացը լինի քեզ ու քո շրջապատին օգտակար: Կրթահամալիրում մել շուքով են պատրաստվում Հացթխիկի ծեսին։ Այդ առումով մուլտֆիլմը շատ արդիական էր: Չգիտեմինչքանով սաները ընկալեցին մուլտֆիլմի բուն իմաստը, բայց իմ հիմնական նպատակը մեկն էր բացատրել, որ հացը շատ կարևոր է մեր կյանքում:

Մուլտֆիլմի դիտում

Մուլտֆիլմը դիտելուց հետո, սաները միասնական ասեցին, որ ուզում են իրենք էլ հագնեն լավաշը։ Դե ինչ, դիմավորեք Արևելքի Նաղաշներին։

Արևելքի Նաղաշները

Ագարակում կա ավանդույթ, ծիսական արարողություն՝ «Լավաշթխիկ», ըստ որի աշնանը լավաշ են թխում։ Ձեզ եմ ներկայացնում սեբաստացիների լավաշի պատմությունը: Լավաշը թխում են առավոտյան։ Նախ հունցվում է խմորը, այնուհետև թողնում են, որ հանգստանա, քիչ հետո, տատիկիս լեզվով ասած, խմորը գալիս է՝ մենք սկսում ենք խմորը մանր կտրատել և գնդել, համեմելով Կոմիտասյան երգ ու պարով։

Հակաբացիլ Կոմիտաս. Նախագծի երգերի կատարում

Թոնիրը վառում ենք մոտ 20 րոպե, և կրակը հանգստանալուն պես սկսում ենք գրտնակել խմորը: Գրտնակած խմորը փոխանցում ենք հացթուխին, և նա ինձ հետաքրքրող գեղեցիկ շարժումով բացում է խմորը, փռում ավանդական «մարզկայի» վրա և դրանով հարվածում թոնրի պատին:
Ընդամենը մի քանի րոպե անց պատրաստ է սեբաստացիական ավանդական լավաշը:

Լավաշթխիկի ծեսը Ագարակում

Եվ այս ամբողջ գործընթացում ամենահաճելի պահերից է հաց թխողների, սաների և ծնողների մեջ ծավալվող խոսակցությունները, բլբլոցները և տաք լավաշով, կանաչիով ու պանրով պատրաստված բրդուճները: Սեբաստացիները ուրիշ են։

Բացօթյա նախաճաշ Ագարակում

Ալյուրը շաղ կտանք սեղանին օդի մեջ թողնելով ալրի տարբերվող բույրը: Ու հենց այդպես է սկսվում մեր մանկության լոշիկի հեքիաթը։ Սաների հետ յուրաքանչյուրս մի բուռ ալյուր վերցնելով, կցողենք սեղաններին։ Երեխաների մատներին դիպչելով ալյուրը շունչ ու հոգի կստանա, կդառնա պատմություն, միֆ, առասպել: Ուռաաա ամեն ինչ պատրաստ է, մնում է մաղել։ Մաղը ձեռքերի մեջ պար գակով, ալյուրը կցողի սեղանի վրա: Մեկ էլ երեխաներից մեկը ոգևորված մատն ուղղում է դեպի մաղից թափվող ալյուրն ու հավեսով համտեսում։ Հետո խմոր կհունցենք, ալյուրի մեջ շաղախելով նաև մեր երգերը

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:
Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ:

Լոշիկ թխիկ մաս առաջին

Ու կրտսեր սեբաստացիներն կթխեն ծիսական լոշիկը։

Լոշիկ թխիկ մաս երկրորդ

Մեր դպրոց֊պարտեզի կողքին հացատուն կա, և ամեն անգամ այնտեղի նոր թխված հացի հոտը մեզ խենթացնում է։ Այսօր հացի բույրը մեզ տարավ այնտեղ։ Հայ հացթուխների թխած հացը ոչ մի հացի հետ չեմ փոխի։ Այնքան եմ ուրախանում, որ Արևելքի արտաքին բակից սկսում է, գալ այդ հացի անուշ հոտը։ Լսել եմ, որ հացը ավելի համեղ է լինում այն ժամանակ, երբ խմորը հունցելու ընթացքում բարկացած չեն լինում և մտածում են լավ բաների մասին։ Սաները իրենց ներկայությամբ, ջերմություն և դրական էներգիա փոխանցեցին բոլորին։ Բարի ժպիտով տատիկը սաներին ասեց․
֊Մի հատ հացը փորձեք, ես եմ թխել։
֊Վայ, ապրեք, ի՞նչ համով եք թխել։ Զրնգուն ձայնով ասաց Ալենը։
Հացի մեջ դուք ձեր հոգին եք դնում, և ինչպիսին կլինի հացը, կախված է միայն ձեզանից։

Տաքուկ փափուկ հացիկը

Կրթահամալիրի նախակրթարաններից յուրաքանչյուրն ունի միայն իրեն հատուկ համ ու հոտ, կախված դաստիարակին բնորոշ ուտեստներից և դրանք մատուցելու յուրահատուկ , ձևից։ Արևելքի նախակրթարանում որպես ավանդական և ոչ տոնական, և տոնական սեղաններից անպակաս թխվածք է համարվում մեր բաղադրատոմսով պատրաստվող գաթան: Գաթան կլինի համեղ միայն այն դեպքում, երբ այն պատրաստվի սիրով ու հաճույքով, այլապես կկորցնի իր համը: Սեբաստացիական գաթան ամենահամեղն է մնացած բոլոր այլ բաղադրատոմսերով պատրաստվող գաթաներից։

Գաթաթխիկ

Արևելքի նախակրթարանում ամեն գործունեություն, ունի իր ծիսական երգը։

Աշխատանքային երգ. Տատիկ զալուր կմաղե

Ծիսական ամենասիրած աղանդերից է հալվան։ Հալվան հայկական ավանդական ուտեստ է, և հատկապես այն ժամանակ են պատրաստել, երբ ինչ որ ուրախ տոնակատարություն է եղել կամ ուղղակի հենց այնպես։ Հիմա անցնենք պատրաստմանը: Սկզբում հալեցնենք կարագը, հետո ավելացնենք ալյուրը։
Լա՜վ խառնում ենք, բովում ալյուրը, մինչև կարմրի: Նախօրոք սարքում ենք մեխակով, դարչինով համեմված շիրեն, իսկ երբ կարմրում է ալյուրը, շիրեն կամաց լցնում ենք բոված ալյուրի վրա, խառնում և լցնում ափսեների մեջ։ Իսկ վերջում ձեռքերով տմբտմբացնում և ամրացնում ենք ամանի մեջ հալվան, հետո վրան կոնֆետներ շարում, իսկ հետո, չես կարող համի գայթակղությանը դիմանալ։

Հալվաթխիկ

Ալյուրը դրականորեն է ազդում մատների մանր մոտորիկայի զարգացման, զգայական և շոշափելու հմտությունների, մտածողության, երևակայության և այլն։Բացի այդ, ստեղծագործության այս տեսակը շատ է դուր գալիս երեխաներին`

Ալյուրի և գույների հանդիպումը

Ալյուրը սեղմելով բռունցքի մեջ, ցողելով ափի մեջից մյուս ափի մեջ։ Դաստիարակի խնդիրն է երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնել ալրախաղերի նկատմամբ, սովորեցնել ճիշտ աշխատել նյութի հետ և մինչև վերջ ավարտել աշխատանքը։ Ալյուրը ունի մեկ կարևոր առավելություն: Ի տարբերություն ավազի, այն կարելի է համտեսել, ինչը շատ հաճախ երեխաները սիրում են անել:

Ալրախաղերի հրճվանքը

Այսպիսով, ալյուրի և գույների օգնությամբ կիրականացնենք և՛ այլընտրանքային նկարչություն, և՛ գույների բացահայտում, և՛ բնագիտական փորձ։ Օրինակ Երբ ալյուրը ընկղմվում է ջրի մեջ, հայտնվում են գույներ։

Գույների Բացահայտում